Կանբան մեթոդ

Կանբան մեթոդ․ «Տեսանելի քարտ»՝ միտված խնայողությանն ու արդյունավետությանը

Աշխատանքը ըստ եղած ռեսուրսների ու հաճախորդի պահանջի, ոչ թե ըստ նախատեսված պլանի կազմակերպելու մեխանիզմ է «Կանբան մեթոդ»-ը, որտեղ յուրաքանչյուր փուլում աշխատակիցներին տրվում է ինքնուրույն որոշումներ կայացնելու լիազորություն, ինչը բոլորը տեսնում են եւ ըստ այդմ կազմակերպում իրենց աշխատանքը։ Բառն ինքը ճապոներենից է եւ նշանակում է «Տեսանելի քարտ»։ Նկատի ունի, որ ցուցատախտակի վրա աշխատանքային տարրերը վիզուալիզացվում են, որպեսզի ներգրավված մարդիկ պատկերացնեն աշխատանքի ընթացքը։ «Կանբան մեթոդ»-ի նպատակն է կառավարել աշխատանքը այնպես, որ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր լինի կազմակերպել աշխատանքը հնարավորինս արդյունավետ եւ խուսափել համակարգում խցանումներից։ Հիմքում՝ «ձգելու, քաշելու» (pull system) սկզբունքն է, ըստ որի աշխատանքն ընթանում է հաճախորդի պահանջները մատակարարելով, ոչ թե նախապես գծած պլանով։ Այդպես թիմերը ավելի լավ են վերահսկում ռեսուրսները եւ արագ են արձագանքում փոփոխություններին։

Ժամանակակից աշխարհում Կանբան վահանակը վիզուալիզացնում են նաեւ ավտոմատացման ծրագրերի միջոցով՝ տվյալներ ներմուծելով ձեռքի տակ եղած ռեսուրսների, հաճախորդի պահանջմունքների, աշխատակիցների կոնկրետ պարտականությունների մասին, որն ստեղծում է աշխատանքի ընթացքի տեսողական կառավարման համակարգ՝ օգնելով որոշել՝ ի՞նչ, ե՞րբ եւ որքա՞ն արտադրել։

«Կանբան մեթոդ»-ի հիմքում հոսքագծային արդյունաբերությունն է՝ այսպես կոչված «կոնվեերը», որն էլ ներշնչվել է  Toyota Production System-ից։ Դեռ 1940-ականների վերջին է ձեւավորվել այս մեթոդը, երբ Toyota Motor Corporation ավտոմոբիլային ընկերությունը ներդրեց «ճիշտ ժամանակին» արտադրական համակարգը։ Ընդ որում, ընկերության գերնպատակը ծախսերը կրճատելով՝ ընդարձակվելն էր նոր շուկաներում։ Իսկ  1989 թվականին Բիլ Գեյթսի հիմնած «Corbis Corporation» ընկերությունը Տոյոտայի մշակած այս մեթոդը թվային վիզուալիզացիայի միջոցով լայնորեն կիրառելի դարձրեց ցանկացած տեսակի կազմակերպչական գործընթացներում։ Կանբան վահանակը մինչ օրս կիրառվում է ծրագրային ապահովման մշակման աշխատանքներում։

Կանբան վահանակները կարող են տարբեր լինել։ Դրանք, սովորաբար,  ցուցադրում են աշխատանքային տարրերի տեսակները՝ «հատկություններ» (features) և «օգտագործողի պատմություններ» (User Stories), սյունակներ աշխատանքային հոսքի գործողությունների համար, հստակ քաղաքականություններ և «լողուղիներ» (swimlanes)՝ սյունակների միջով անցնող տողեր, որոնք բաժանում եւ խմբավորում են օգտագործողի պատմությունները ըստ հատկանիշների: Նպատակն է մասնակիցների և շահագրգիռ կողմերի համար պարզեցնել ընդհանուր աշխատանքային հոսքը և առանձին տարրերի առաջընթացը։

«Կանբան մեթոդ»-ը աշխատանքը բաժանում է փոքր մասերի՝ սկիզբ, ընթացք և ավարտ։ Այսպես յուրաքանչյուր անձ տեսնում է, թե որտեղ ինչ կա։ Թիմում բոլորն աշխատում են միասին՝ բաժանելով աշխատանքը։  «Սկսելու» և «ավարտելու» կետերը հստակ են, նշված են նաեւ դրանց միջեւ փուլերը, որոնցից յուրաքանչյուրը ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել եւ բոլոր աշխատակիցները դա կտեսնեն ու կհարմարեցնեն իրենց աշխատանքը։ Առաջնահերթություն է ստանում ընթացիկ աշխատանքը, որն ապահովում է, որ թիմը չշեղվի նոր գործերի ուղղությամբ մինչեւ ընթացիկը չավարտի։ Այս ընթացքի սահմանաչափերը թույլ են տալիս արագորեն բացահայտել ցանցային խնդիրները և անմիջապես լուծել։

Կանբան մեթոդ , Տեսանելի քարտ, Kanban, Agil

Կանբան վահանակը առավել արդյունավետ է, երբ ավտոմատացված համակարգում է․ այն կարող է ներգրավել ոչ միայն մեկ թիմի, այլեւ բազմաթիվ թիմերի կապակցված աշխատանք՝ միմյանց կցված Կանբան վահանակների շարքի միջոցով։ Համակարգը ոչ միայն ցույց է տալիս աշխատանքի մեկնարկը, վերահսկում ընթացքը եւ ազդարարում ավարտը, այլեւ կանխատեսում է, թե որքան ժամանակ կտևի աշխատանքային յուրաքանչյուր փուլը՝ մեկնարկից մինչև ավարտ։ Այն հնարավորություն է տալիս, որ ոչ միայն ղեկավարները, այլեւ թիմերն ու յուրաքանչյուր անդամը արագ կարգավորումներ կատարեն՝ կայացնելով տվյալների վրա հիմնված որոշումներ։

«Կանբան մեթոդ»-ը նաեւ պահեստներն արդյունավետ կառավարելու հնարավորություն է տալիս․ աշխատանքի շղթայում ամեն տարրը երեւում է եւ մթերքն ու բաղադրիչները գնում են ըստ անհրաժեշտության։ Սրա շնորհիվ դրանք չեն ավելանում եւ փտում պահեստում եւ չեն պակասում՝ փաստի առաջ կանգնեցնելով արտադրական պրոցեսը։

«Կանբան մեթոդ»-ը պրոջեքթ մենեջմենթում կիրառվող արդյունավետ մեխանիզմ է․ պրոջեքթ մենեջերը վիզուալիզացված հետեւում է աշխատանքի ամբողջ շղթային, տեսնում յուրաքանչյուր փուլի փոփոխություններն ու մեկի ավարտից հետո միայն արագ անցնում են մյուսին՝ ապահովելով, որ աշխատակիցները պարապ չմնան եւ նաեւ չգերծանրաբեռնվեն։

Մարքեթինգային ընկերություններից մեկն, օրինակ, երբ ավտոմատացված համակարգով ներդրեց «Կանբանի մեթոդ»-ը, 30 տոկոսով խնայեց ռեսուրսները, քանի որ ավելորդ գործընթացները դուրս եկան, աշխատակիցները կայացրին օպտիմալ որոշումներ՝ հիմնվելով համակարգում եղած տվյալների վրա եւ հաճախորդներն ստացան հենց իրենց ցանկացած պարամետրերով ապրանքներ ու ծառայություններ՝ ավելի քիչ ռեսուրներով։

Այսպիսով, «Կանբանի մեթոդ»-ը թիմերին տրամադրում է աշխատանքային հոսքի պարզեցված և վիզուալ պատկեր, թույլ է տալիս արդյունավետ եւ սեղմ ռեսուրսներով կազմակերպել եւ կառավարել ընթացիկ աշխատանքը՝ սահմանելով առաջնահերթություններ, որպեսզի աշխատանքի ամբողջ ընթացքը չկանգնի մեկ՝ ոչ այնքան կարեւոր ռեսուրսի սակավության պատճառով, օգնում է արագ վերանայել ու բարելավել աշխատանքային պրոցեսները: «Կանբանի մեթոդ»-ը հաճախորդի պահանջներին հարմարված, հստակ և արդյունավետ աշխատանքի վիզուալ մոդել է, որը լայնորեն կիրառվում է ինչպես արտադրական, այնպես էլ ծրագրային ապահովման մշակման ոլորտներում: