Բիզնեսի Հոգեբանություն

Ձեռնարկատիրական հարաբերություններում օրինաչափություններից մեկը կարելի է դիտարկել այն, երբ տնտեսվարող սուբյեկտն իր առջև նպատակադնում է տվյալ երկրի տնտեսության զարգացմանը համահունչ ապահովել ժամանակակից գործարար միջավարի կազմակերպումը, որի գործոններից առնվազն պետք է համարվեն՝

ա) արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, որը կաշխատի արագ, բարձր վերահսկողությամբ ու ավելի քիչ ծախսատարությամբ,

բ) կայուն կորպորատիվ վարկանիշը,

գ) մրցակցային առավե­լությունների ձեռք բերումը,

դ) հուսալի գործընկերային կապերի ստեղծումը:

Նշված գործոնների վերլուծությունը, թեկուզ և ոչ մասնագիտորեն՝ դիտարկվելով հոգեբանության շրջանակներում, ընդհանուր առմամբ, տանում է «անձի» դերի բարձրացմանը վերը նշված գործարարության նպատակներին հասնելու համար, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական խնդիրների լուծման կամ որոշումների կայացման բարդ իրավիճակների դեպքում անձնական գործողությունների հնարավորինս ուղղորդմանը:

«Բիզնես և անձ» հասկացությունն ամբողջական վերցված, լինելով տնտեսական հարաբերությունների անբաժանելի մաս, բարոյահոգեբանական առումով պահանջում է նաև պարբերաբար ներդրումներ և շարունակական հետաքրքրություն գործարար միջավայրի վրա իր ազդեցության կատարելագործման նկատմամբ՝ այդպիսով պահանջելով ուսումնասիրությունների առանձին ոլորտ, ինչպիսին է բիզնեսի հոգեբանությունը:

Բիզնեսի հոգեբանությունն ի սկզբանե առաջացել է սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքում, մասնավորապես՝ հոգեբանության, սոցիոլոգիայի և տնտեսա­գիտության համակցումից: Բիզնեսի հոգեբանություն ը հոգեբանության ժամանակակից գիտության և պրակտիկայի մի ոլորտ է, որը հանդես է գալիս որպես կամուրջ՝ կապելով հոգեբանությունը բիզնեսի գործնական դրսևորումների հետ: Այն ուսումնասիրում է բիզնեսի բազմակողմ և բարդ երևույթները, գործիքներ տրամադրում գործարար միջավայրի և հասարա­կության միջև արդյունավետ փոխգործակցության համար, գնահատում է ընկերության նպատակները, ռազմավարությունը, աշխատակիցների ունակությունները, բացահայտում այն ուղենիշերը, որոնցով հնարավոր է բարելավել և արդյունավետ դարձնել բիզնեսը: Ըստ որոշ հեղինակների՝ «Այս նոր ուղղության կայացումը հոգեբանական գիտության մեջ պատասխան է փոքր և միջին բիզնեսի և դրա ներկայացուցիչների առջև ծառացած բազմաթիվ այն խնդիրներին, որոնք պահանջում են պրոֆեսիոնալ հոգեբանների մասնակցություն: Հենց սոցիալ-տնտեսական նոր հարաբերությունների զարգացումը բերում է նրան, որ գործնական հոգեբանությունն ակտիվորեն ներգրավվում է բիզնես տիրույթ[1]։

Բիզնեսի հոգեբանության գործընթացի առարկան է համարվում բիզնես միջավայրի տեղեկատվության ըմբռնումն ու գիտակցումը, ճանաչողության ընկալումը, տարբեր ոչ ստանդարտ, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ ուղիներ փնտրելը, մարդու անընդհատ ձևավորվող և զարգացող մտավոր գործընթացների ճանաչումն ու  մարդկային փոխազդեցության կառավարումը: Պետք է ըմբռնել ընկերու­թյունների կառավարիչների, շահագրգիռ այլ կողմերի և աշխատողների միջև ծագած խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, աշխատողների գիտակցական առանձնահատկու­թյունները, դրսևորվող վարքագծերը, և, ընդհանուր առմամբ, մարդկանց միջև հարաբերությունների առանձնահատկու­թյունները՝ բիզնեսի էթիկայի վրա ազդող մոտեցումների, ինչպես նաև թիմում բարենպաստ մթնոլորտի և վստահության փոխհարաբերությունների ստեղծման նպատակով:

Հարկ է նշել, որ բիզնեսի հոգեբանություն ը դեռս ամբողջովին ձևավորված գիտություն չէ, և գտնվելով իր զարգացման փուլում, առանձին գիտական փաստեր է փոխառնում այնպիսի հոգեբանության ոլորտներից, ինչպիսիք են տնտեսական հոգեբանությունը, աշխատանքի հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը, ինչպես նաև՝ կախված բիզնեսի տեսակից և միջավայրից անհրաժեշտաբար ուսումնասիրում է հոգեբանության այլ ոլորտների օբյեկտներ: Այսպիսով, կարելի է ենթադրել, որը բիզնեսի հոգեբանությունն իր մեջ ընդգրկում է հոգեբանության տարբեր ոլորտների ընդհանրացումներ՝ ներառելով տնտեսական և մարդկային հոգեբանական վարքագծի օրինաչափությունները, վարքագծի կանոները, «անձի» հարաբերությունները շրջապատի հետ, աշխատակիցների վարքի և գործունեության փոխազդեցությունը, հոգեկան երևույթների առաջացման և դրսևորման պատճառները, անհատների և անձանց խմբերի միջև հոգեբանական բնութագրերի տարբերությունները, դրանց ազդեցությունը և օրինա­չափությունները, որոնք վերջիվերջո ազդում են ընկե­րություններում տնտեսական որոշումների կայացման և աշխատանքային փոխհարաբերությունների վրա:

Տնտեսական հանցագործությունների բնութագրա­կաններում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ բիզնես հոգեբանության գիտակներն, ուսումնասիրելով և օգտագործելով գործընկերների և մրցակից կազմակերպությունների հոգեբանա­կան նկարագրերը, աշխատակիցների ինտելեկտուալ, հուզական բնավորությունները, կախված սոցիալ տնտեսական և հոգեբանական վիճակներից, կարողանում են իրենց գործու­նեության արդյունքում գեր շահույթներ կորզել՝ օգտագործելով աշխատակիցների սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, իսկ գործընկեր կազմակերպություններին՝ չարաշահելով տրված վստահությունը հասցնելով սնանկության եզրին:

ԲԻԶՆԵՍԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարկ է նշել, որ բիզնես հոգեբանության առանձին գործիքների կիրառումը ներկայումս մեծ տարածում է ստանում, մասնավորապես՝ բուրգային սխեմաներով գործող և աշխատող ընկերություններում, որոնց գործունեության բնույթը ֆինանսական խախտումների մարմնավորման վառ օրինակ է: Այստեղ տարբեր հոգեբանական ներգործությունների արդյունքում՝ մարդկանց ներգրավելով խոստումների և վստահության ձևավորման միջոցով, խաբեությամբ կազմակերպում են ֆինանսական բուրգի գործունեություն՝ ստանալով մեծ շահույթներ՝ միևնույն ժամանակ խուսափելով հարկերից:

Այդուհանդերձ, պետք է փաստել, որ բիզնեսի հոգեբանություն ը, որպես ձեռնարկատիրության վարման, անձնա­կազմի կառավարման ու հոգեբանության համատեղում, ներ­կայացնում է մարդու հոգեբանությունը գործնականում բիզնեսի կազմակերպման նույն գիտահեն հարթությունում: Այն առումով արտահայտվում է, ընդհանուր առմամբ, աշխատողների համար աշխատանքային միջավայրը բարելավելու, ճիշտ կառավարչական որոշումներ ընդունելու կամ որոշումների վրա ազդելու և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը բարձ­րացնելու մեջ:

Այստեղ միաժամանակ կարելի է զուգահեռներ մեջբերել կոմերցիոն հոգեբանության հայեցակարգի բնութագրից. նախ այն ամենից առաջ ենթադրում է գործընկերոջ, մատակարարի, գնորդի վրա բարենպաստ տպավորություն թողնելու կարողությունների համակարգ: Այս համատեքստում պետք է նշել, որ գործարարի հաջողությունը կախված է ոչ միայն ընդհանուր մասնագիտական պատրաստվածությունից, այլ նաև կոմերցիոն հոգեբանության իմացությունից։ Կոմերցիոն հոգեբանության հետ սերտորեն կապված են էթիկայի (էթիկետի) հասկացությունները: Էթիկան մարդու բարոյական վարքի նորմերի կամ նրա բարոյական վարքի սկզբունքների համակարգ է: Մարդկային բարոյական վարքագծի այս նորմերում կարող են ներառվել ազնվությունը, պատ­րաստակամությունը, նվիրվածությունը, վեհանձնությունը, հավա­տարմությունը սեփական խոսքին և այլն[2]:

Զարգացած երկրներում գործարար հարաբերությունների կառուցման ազգային հոգեբանական առանձնահատկությունների հիմքում ընկած է կարգապահությունը, քաղաքավարիությունը, նրբանկատությունը, ազնվությունն ու արդարամտությունը:

Բիզնեսի հոգեբանության ուսուցումը և հրա­պարակայնացումը, մասնավորապես՝ մարդկային կապիտալի առանցքային դերի մասին, ձեռնարկատիրության վարման և որոշումների կայացման հոգեբանական սկզբունքների, անձ­նակազմի արդյունավետ կառավարման լավագույն փորձի և անձի հոգեկերթվածքի գնահատման միջավայրերի վերաբերյալ յուրովի կարևորություն են ներկայացնում յուրաքանչյուր ժամանա­կաշրջանի համար, քանզի բիզնեսի հոգեբանության ուսում­նասիրությունների սահմանները, տվյալ իրականությանը հատուկ հիմնախնդիրներով և առանձնահատկություններով, ժամանակին զուգընթաց ընդլայնվում են[3]:

Սակայն և, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բիզնեսի հոգեբանություն ը կարող է օգտագործվել ինչպես ձեռնարկա­տիրության վարման գրեթե բոլոր ասպեկտները բարելավելու համար, այնպես էլ տնտեսական հանցագործությունների կատարումը վաղաժամ կանխելու նպատակով: Այս առումով, կարծում ենք, հատկանշական են վաղուց հայտնի, սակայն և այժմեական կանոնների ընդունումը և ներառումը բիզնեսի կազմակերպման ներկայիս օրակարգ, որով և բիզնեսի ստեղծման պահից ընկերության հիմնադիրների, մասնակիցների, կառավարիչների, շահագրգիռ այլ անձանց և անձնակազմի գործողություններում հնարավոր է ներդնել տնտեսական հանցա­գործությունների կատարումը վաղաժամ կանխելու առումով նոր հոգեկերտվածք՝ բարելավելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության վարման աշխարհընկալումը, մասնա­վորապես՝

  1. Բիզնեսի կազմակերպման մեջ պետք է լինել օրինապաշտ, կարգապահ և սկզբունքային.
  2. Ձեռնարկատիրությունն անհրաժեշտ է վարել գրագետ և բարեվարք հաղորդակցության միջոցով.
  3. Եկամուտների վերահսկման և պլանավորման ժամանակ պետք է խուսափել ժլատություն, ագահություն, դրամա­պաշտություն (ընչաքաղցություն) ցուցաբերելուց.
  4. Աշխատել թիմային սկզբունքով, մասնավորապես՝ ծանր իրավիճակներում դժվարագույն խնդիրների լուծման ժամանակ ոգևորել և հավատ ներշնչել աշխատակիցներին.
  5. Շահույթի ավելացմանը զուգահեռ վերանայել աշխա­տակիցների աշխատավարձերի և պարգևավճարների վճարման համակարգերը, քանզի աշխատակիցներին վճարվող եկամուտը՝ աշխատանքի բարելավմանը շահադր­դելու առումով համարվում է առաջնային շարժառիթ.
  6. Անձնակազմի կառավարման սկզբունքներում առաջնային տեղ հատկացնել աշխատակիցների մասնագիտական և մարդկային որակների գնահատմանը, ինչպես նաև նրանց սոցիալական հոգածությանը, քանզի մարդն իրեն գնահատված զգալով, բարձրացնում է իր աշխատանքի արդյունավետությունը.
  7. Ազնվություն ցուցաբերել գործընկերների, համասե­փականատերերի նկատմամբ, նրանց հետ համագործակցել իրենց լավ մտահղացումների շուրջ, գնահատել առաջարկված գաղափարները և նորույթները.
  8. Պետական շահը հավասարեցնել ձեռնարկատիրության շահին, եկամուտների ստացման թափանցիկությունը և շահույթը չթաքցնելը դիտարկել առաջին պլանում.
  9. Բարեխղճորեն վճարել պետական հարկերը, պարտա­ճանաչ կերպով կատարել փոխատուների և պայմանադիրների հանդեպ ունեցած պարտավորու­թյունների մարումները:

Ինչ խոսք, վերը թվարկվածներն առավելապես բիզնեսի հոգեբանության ոլորտի դրույթներ ընդունելով, պետք է տնտեսական հանցագործությունների կանխարգելման համա­տեքստում անհրաժեշտաբար դիտարկել որպես ձեռնար­կատիրության վարման սկզբունքային կանոններ, քանզի նոր աշխարհընկալման ներգործությունը և այս առումով գործո­ղությունների համակարգման վաղ փուլում տնտեսական հանցագործությունների կանխումը, ընդհանուր առմամբ, նվա­զեցնում է հանցագործությունների կատարումը։ Այսինքն, վերստին կարելի է ամրապնդել այն ընդունված կարծիքը, որ հանցագործության կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան հանցագործության դեմ պայքարի այլ մեթոդներ: