Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները

Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները և դրանցից խուսափելու ուղիները

Ցանկացած ձեռնարկատեր բիզնես գործունեություն սկսելիս կարող է թույլ տալ որոշակի սխալներ, որոնք կարող են ռիսկի տակ դնել բիզնեսի կենսունակությունը՝ տապալելով նույնիսկ ամենախոստումնալից գաղափարները:

Ամենատարածված սխալներից է շուկայի անբավարար հետազոտությունը, որը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Շուկայի հետազոտությունը պետք է ներառի սպառողների, թիրախային լսարանի, մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն։  Ապրանքները կամ ծառայությունները պետք է համապատասխանեն թիրախային լսարանի կարիքներին։ Մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը ևս պետք է իմանալ, որպեսզի հնարավոր լինի մշակել շուկայում առանձնանալու ռազմավարություն։ Պետք է ճիշտ հասկանալ շուկայի չափը․պահանջարկի գերագնահատումը կարող է հանգեցնել գերբեռնված արտադրության և ֆինանսական կորստի։

Մեկ այլ տարածված սխալ է բիզնես սկսելը առանց բավարար ֆինանսական ռեսուրսների։ Առանց դրանց ձեռնարկատերը կարող է դժվարանալ հոգալ առօրյա գործառնական ծախսերը՝ տարածքի վարձակալությունը, աշխատավարձերը, կոմունալ վճարները: Ֆինանսավորման պակասը կարող է սահմանափակել մարքեթինգային ծախսերն ու նվազեցնել բիզնեսի մրցունակությունը շուկայում։ Ձեռնարկատերերը նաև պետք է կարողանան դիմակայել անսպասելի ֆինանսական մարտահրավերներին՝ տնտեսական անկումներին, շուկայական տատանումներին կամ անսպասելի ծախսերին։ Առանց ֆինանսական պահուստի նման խնդիրները կարող են կործանարար լինել։ Ֆինանսական դժվարությունները կարող են բացասաբար ազդել մատակարարների, աշխատակիցների և ներդրողների հետ հարաբերությունների վրա։ Վճարումների ուշացումը և չկատարված ֆինանսական պարտավորությունները կարող են վնասել բիզնեսի նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը։

Տարածված սխալներից է բիզնես պլանի բացակայությունը։ Բիզնես պլանը կանխատեսելի է դարձնում գործունեությունը և օգնում հիմնավորված որոշումներ կայացնել։ Առանց դրա ձեռնարկատերերը կարող են անհետաձգելի կամ չմտածված ծախսեր կատարել, որոնք կարող են բացասաբար ազդել բիզնեսի վրա։
Բիզնես պլանի բացակայությունը կարող է դժվարություններ առաջացնել հատկապես ներդրողներ ներգրավելու կամ վարկ ստանալու հարցում: Այն կարևոր է նաև ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից․ օգնում է ճիշտ բաշխել և կառավարել ռեսուրսները՝ ֆինանսները, ժամանակը և այլն:

Իրավական ռիսկերի անտեսումը նույնպես սկսնակ ձեռնարկատերերի տարածված սխալներից է։ Իրավական համապատասխանությունն ապահովելու և բիզնեսի հաջողությունն ամրապնդելու համար չափազանց կարևոր է մասնագետների՝ հատկապես իրավաբանների, ֆինանսիստաների կամ հաշվապահների հետ խորհրդակցելը, օրենսդրական փոփոխություններին հետևելը:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանը նշում է, որ Հարկային oրենսգրքի հաճախակի փnփnխություններին տնտեսվարողներն էական դժվարություններով են հարմարվում. որոշ դեպքերում բավական երկար ժամանակ խախտումներով են կիրառում դրանք, ինչը հանգեցնում է անցանկալի հետևանքների:

«Հաճախակի փnփnխությունները տնտեսվարnղներին հնարավnրnւթյուն չեն տալիս կազմել միջնաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, ինչպես նաև ճիշտ կառավարել ռիսկերը և կանխատեսել եկամուտները»,-նշում է տնտեսագետը:

Այն  ձեռնարկատարերը, որոնք նպատակ ունեն իրենց գործունեությունն իրականացնել նաև արտասահմանում, հաճախ չեն ուսումնասիրում տվյալ երկրի օրենսդրությունը, ինչը հետագայում լուրջ դժվարություններ է առաջացնում արտաքին շոււկայում:  Զգալի տարբերություններ կան հատկապես հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման տեղական և միջազգային ստանդարտների միջև, որոնք գործնականում անհամապատասխանություններ են առաջացնում հաշվապահական հաշվառման վարման ժամանակ։

Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները

Ընդհանուր առմամբ, ընդունված է համարել, որ հաշվապահական հաշվառման նպատակը ֆինանսական հաշվետվություններից օգտվողներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն է կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների, ֆինանսական վիճակի և դրա փոփոխությունների մասին, իսկ հարկային հաշվառման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան հարկերի հաշվարկումն է, ինչը ենթադրում է ձեռնարկատիրական գործունեությունից հարկման ենթակա եկամուտները հարկային հաշվարկներում ճիշտ արտացոլելելը և հարկի համապատասխան դրույքաչափը կիրառելը:

Կարեն Մամիկոնյանի խոսքով՝ ՀՀ հարկային օրենսգրքում կան էական առանձնահատկություններ, հարկային և հաշվապահական հաշվառման տեսանկյունից շահույթի և վնասի տարբեր ցուցանիշներ, որոնց կարող են տիրապետել միայն մասնագետները և նրանց հետ խորհրդակցելը կօգնի ձեռնարկատերերին խուսափելու հետագա խնդիրներից ու բարդություններից:

«Օրինակ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկ վճարողի հարկային բազան որոշելիս որոշակի տեսակի ծախսերի գծով համախառն եկամտից չեն նվազեցվում սահմանված գումարները գերազանցող ծախսերը: Մինչդեռ ֆինանսական հաշվառման մեջ այս նույն ծախսերը կարող են ամբողջությամբ նվազեցվել եկամտից: Իրականում հարկային հաշվառման մեջ կարող են չնախատեսվել այնպիսի նվազեցումներ՝ ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ, որոնք այդպիսիք կհամարվեն ֆինանսական հաշվառման տեսանկյունից և այլն»,-նշում է տնտեսագետը:

Ճկունության բացակայությունը սկսնակ ձեռնարկատերերի ևս մեկ տարածված սխալ է։ Բիզնես միջավայրը մշտապես փոփոխվում է․ առանց ճկունության դժվարություններ կառաջանան նորարարություններ ներմուծելու և մրցակիցներից առաջ ընկնելու հարցում։ Սա կարող է հանգեցնել շուկայում արդիականությունը կորցնելուն։ Ճկունությունը զարգացնելու համար պետք է փոփոխությունները դիտարկել որպես աճի հնարավորություն, բաց լինել նոր գաղափարների առջև և փորձարկել դրանք, պարբերաբեր թարմացնել գիտելիքը, լսել հաճախորդների արձագանքը և ստեղծել ճկուն թիմ։

Ավտոմատացված կառավարման համակարգերի ոչ ճիշտ ընտրությունը սխալ է, որի պատճառով սկսնակ ձեռնարկատերերը վտանգում են իրենց բիզնեսի ապագան։ Դա կարող է հանգեցնել անարդյունավետության և գործառնական ծախսերի ավելացման, իսկ համակարգերի անհամատեղելիությունը կարող է խանգարել եղած գործիքների արդյունավետ ինտեգրմանը՝ ստեղծելով հաղորդակցական խնդիրներ։ Ավտոմատացված կառավարման ճիշտ համակարգ ընտրելու համար պետք է նախ՝ գնահատել բիզնեսի կարիքները, հասկանալ բիզնես գործընթացները և պարզել, թե որոնք կարելի է ավտոմատացնել։  Պետք է հետազոտել շուկայում եղած ավտոմատացման համակարգերը, համեմատել հնարավորությունները, համատեղելիությունը, մասշտաբավորման հնարավորությունները և գինը։ Պետք է ընտրել ու փորձարկումից հետո ներդնել  համակարգեր, որոնք կարող են զարգանալ ձեր բիզնեսի հետ միասին՝ ապահովելով նաև ապագա կարիքների բավարարումը։

Այսպիսով, այն, որ ձեռնարկատերերը կարող են սխալներ թույլ տալ, անխուսափելի է, սակայն այդ սխալների մեծ մասը կանխարգելելի է պատշաճ պլանավորման, հետազոտության և կառավարման միջոցով։ Շուկայի անբավարար ուսումնասիրությունը, ֆինանսական ռեսուրսների պակասը, բիզնես պլանի բացակայությունը, իրավական ռիսկերի անտեսումը, ճկունության պակասը և ոչ ճիշտ կառավարման համակարգերի ընտրությունը կարող են խոչընդոտել բիզնեսի կայուն զարգացմանը և հանգեցնել լուրջ հետևանքների։ Հաջողակ լինելու համար բիզնես սկսողները պետք է մանրամասն ուսումնասիրեն իրենց ոլորտը, հաշվարկեն ռիսկերն ու ապահովեն բավարար հիմքեր։